ԴԱ ՉԼԻՆԵԼՈՒ ԲԱՆ Է՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոգեբանորեն խիստ բարդ է գիտակցելը, որ մեկ-երկու տասնամյակ նախկինների դեմ կռիվ ես տվել ու մի պահ քեզ թվացել է, թե դա պսակվել է հաղթանակով, բայց շատ արագ հասկացել ես, դա ավարտվել է ավելի ոչ ընդունելի իրականության հաստատումով: Ընդ որում, կռիվ ես տվել քո հնարավորությունների սահմաններում համարյա բոլոր այն ուղղություններով, որ խելքդ հասնում էր: Իսկ տնտեսական ոլորտի լավ լրագրողը, որը հետագայում զբաղվում էր նաև սոցիոլոգիայով, շատ բան էր դիտարկում և հասկանում: Եվ եթե ինքդ քեզ բռնադատելով վերացարկվես Արցախի հայաթափումից ու ՀՀ անվտանգության սպառնալիքներից, ապա նիկոլական «ինքնիշխան» երկրում տեղի ունեցողը բավարար է, որ անընդհատ դեգերես հոգեկան դիսկոմֆորտի տիրույթում: Ու որքան էլ փորձում ես պահպանել լավատեսությունդ՝ քո գրչով կռիվ տալով ներկայի դեմ, միևնույն է, ուղեղիդ մի անկյունում առկա է քո ջանքերի անիմաստ լինելու զգացումը: Ահա այդպիսի մտորումների մեջ ընկա՝ նախորդ օրը ծանոթանալով հասարակ մի երևույթի նկատմամբ գործող իշխանության վերաբերմունքին:


Խոսքը ՀՀ վարչապետտի աթոռից կառչած՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ անձի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023 թվականի  տարեկան հաշվետվության ներկայացման պատմության մասին է: Եթե սահմանված ժամկետում (մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակի վերջը) ոչ առևտրային կազմակերպությունների՝ հաշվետություն ներկայացնելու նկատմամբ օրենսդրորեն ավելի թեթեև վերաբերմունք լիներ, ապա չէր լինի նաև այս պատմությունը: Բայց քանի որ, ինչպես այս պատմությունը բացահայտած «Ժողովուրդ» օրաթերթն է գրում, «Հայաստան» դաշինքի նախկին ղեկավարներից Վահե Հակոբյանի կնոջ՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն արժանացել էր ՊԵԿ-ի խիստ ուշադրությանը», ապա տեսականորեն ժողովրդավարական երկրում նույն վերաբերմունքը պետք է լիներ «Իմ քայլը» հիմնադրամի նկատմամբ: Որը ևս ուշացրել էր էլեկտրոնային հաշվետվություն լրացնելը ՊԵԿ-ի պաշտոնական կայքի համապատասխան համակարգում:  
Բայց ինչպես կարող է «ՀՀ առաջին» տիկին Աննա Հակոբյանը հավասարվել շարքային, այն էլ՝ ընդդիմադիր, քաղաքացու հետ և նրա նման ուշացնել հաշվետվության ներկայացումը: Ուրեմն պետք է մեղավոր կարգել տեխնիկան՝ տվյալ դեպքում ծրագիրը: Իսկ դրա մի տարբերակ կա՝ ծրագրի խափանում՝ հատկապես եթե ինքը մինչ այդ գործել է, ինչպես խոստովանել է ՊԵԿ-ը, ինքնաշխատ եղանակով: Որպես տարիներ շարունակ (նախքան գործազուրկ դառնալը) այդ եղանակով ՀԿ-ի կայքէջում նյութեր լրացնող և թողարկող անձ գիտեմ, որ եթե հրապարակումն անմիջապես չի լինում՝ ինչը չափազանց հազվադեպ երևույթ էր, անմիջապես դիմում ես ցանցային ադմինիստրատորին: ՀԿ-ի դեպքում՝ սեփական ադմինիստրատորին, իսկ ՊԵԿ-ի դեպքում՝ հենց այդ կառույցին: 
Բայց հաշվի առնելով, որ նման դիմում չի եղել, այլապես ՊԵԿ-ը հաստատ կհիշատակեր դրա մասին, ուրեմն կա՛մ տիկին Աննան թքած է ունեցել դրա վրա և կա՛մ համակարգի խափանում չի եղել: Ինչպես երևում է, ՊԵԿ-ում դա չեն պատկերացրել՝ երբ գրվել է տիկին Աննային արդարացնող հաղորդագրությունը ծրագրային խափանմանման մասին: Չեն պատկերացրել նաև, որ եթե այդ խափանումը լիներ՝ 131 ոչ առևտրային կազմակերպություններից գոնե մի քանի տասնյակը կդիմեր ՊԵԿ, ինչի մասին ևս չեն հիշատակել: Իսկ մեկ-երկուսն էլ այդ հարցը կհրապարակայնացներ՝ չսպասելով ՊԵԿ-ի արձագանքին, որպեսզի հետագայում խուսափեր անօրինական մեղադրանքից: Իսկ վերջին երևույթը, ինչպես հայտնի է բոլորին, նիկոլական իրական Հայաստանի կամ հայաստանյան «ժողովրդավարության» հիմնական բնորոշ գծերից մեկն է:     
Այս հոդվածը չէր գրվի՝ եթե օրենքի առջև հավասար լինեին բոլորը. այն, ինչ անընդհատ տարփողվում է գործող իշխանության կողմից: Հատկապես որ տվյալ հարցն իրենից լուրջ բան չէր ներկայացնում: Եվ ընդամենը հիմնադրամից ինչ-որ անլուրջ գումար կգնար պետբյուջե որպես տուգանք: Բայց ինչը կլիներ խիստ արդար՝ հաշվի առնելով, թե որքան գումար է հայաստանյան գործարարներից խիստ «կամավոր» հիմունքներով ներառվում դրանում: Բայց դե դա չլինելու բան է՝ հատկապես նիկոլական իրական Հայաստանում: