ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԾՐԱԳԻՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԴԱՎԱՃԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից և դրա վերաբերյալ իշխանությունների ու ժողովրդի արձագանքից, գալիս ենք մի եզրահանգման, որ Հայաստանը փաստացի հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա փրկության հարցը բավականին մշուշոտ է: Փաստացի, բացի ընդդիմության որոշ հատվածի առայժմ անարդյունք քայլերից, որևէ ուժի կողմից որևէ լուրջ քայլ չի արվում երկրի փրկության համար: 
Իսկ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային հարթակներում և Հայաստանի հետ հարաբերություններում, ավելին՝ միջազգային ուշադրությունը շեղում է դեպի իրեն, էլ ավելի է մեծացնում ճնշումերը Հայաստանի վրա եւ իր կամքը թելադրել նրան: Ամենակարևոր գործոնը, որի վրա հենվելով Ադրբեջանը կառուցում է իր քաղաքականությունը, հայ ժողովրդի անտարբերությունն է իր հայրենիքի ու իր ապագայի նկատմամբ: Եւ դա չի արտահատվում միայն նրանով, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս, այլ հատկապես նրանով, որ իր իշխանություններին ժողովուրդը պահանջ չի ներկայացնում` անհրաժեշտ քայլեր իրականացնելու համար: Չի պահանջում հակադրվել Ադրբեջանի ցանկություններին ու պարտադրանքներին, ընդվզել, հակաքայլեր ձեռնարկել:  Մի բան պարզ է, որ ցանկացած երկրի պաշտպանությունն իրականացվում է այդ երկրի իշխանությունների, ժողովրդի և ընդդիմության գործողությունների շնորհիվ: Մեր երկրում առաջին երկուսն ընդհանրապես գոյություն չունեն, իսկ երրորդը ոչնչի ունակ չէ, նրա բոլոր փորձերը դատապարտվում են անհաջողության: 

Մինչև 44-օրյա պատերազմը և դրանից հետո շատ քիչ մարդկանց մտքով կարող էր անցնել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են հայտնվել այնպիսի վիճակում, որ և իշխանությունները, և ժողովուրդը կարող են ձեռ քաշել սեփական երկրի պաշտպանությունից, դրա ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց ու երկիրը կարող են մատնել այսպիսի անտերության: Բոլորն ընկած միայն փող աշխատելովլինի պաշտոնյա, թե սովորական տաքսիստ: Բացի օրվա հացը վաստակելուց, գումարներ դիզելուց, պետությունից ինչ որ բան փախցնելուց, նրանց ուրիշ ոչ մի հարց չի հետաքրքրում ... Արցախյան առաջին պատերազմից մինչ մեր օրեր, հայերի տված բոլոր կորուստները՝ մարդկայինից մինչև տարածքներ, լիովին մոռացվել են, մարդիկ ուրացել են բոլոր սրբությունները, մեր նահատակներին, իրենց երդումներն ու երազները: Դարձել են նյութապաշտ ու կարճամիտ, մեկ օրով ապրող, հիշողություն ու ծրագրեր չունեցող: Չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մեկ այլ ժողովուրդ, որն անցած լինի նմանատիպ դաժան ու փշոտ ճանապարհ և իր  երկրի համար ճակատագրական այսպիսի օրերին նման վարք դրսևորի, այսինքն դավաճանի իր երկրին:

Իսկ Ալիևն ամեն վայրկյանն ինտենսիվորեն օգտագործում է իր երկիրը հզորացնելու, իրենց երազանքներն իրականացնելու, իրենց քոչվոր ազգը հազարամյակների պատմություն ունեցող ազգերի կողքին դնելու համար: Հայաստանն է, որ ի դեմս իր իշխանությունների  և ժողովրդի, ոչ մի քայլ չի ձեռնարկում, ոչնչից չի անհանգստանում, ոչ մի քայլ չի ձեռնարկում` կարծես հաշտված լինի կործանվելու գաղափարի հետ: 

Աշխարհի շատ երկրներում զարմացած են, թե Հայաստանն իր համար կրիտիկական պայմաններում, ինչու է այսքան հանգիստձեռքերը ծալած նստել ու ոչ մի քայլ չի ձեռնարկում: Եւ սրանից եզրակացնում են, որ այն, ինչ կատարվում է երկու երկրների իշխանությունների միջև հստակ պայանավորվածության արդյունք է՝ հայ ժողովրդի լուռ համաձայնությամբ ….

Ստացվում է, որ Հայոց պատմության մեջ մաքառած, հազարամյակների միջով անցած, ամեն տեսակի արհավիրք հաղթահարած հայ ժողովուրդն առաջին անգամ հրաժարվում է պայքարից, ուրանում է իր հայրենիքը, պետականությունը, իր նահատակներին և պատրաստ է թուրքին հանձնել իր չքնաղ հայրենիքը՝ Հայաստանը, առանց ամոթի նշույլի …
 Եվ դատելով այս իրավիճակից հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը կհասնի իր նենգ նպատակի վերջնական իրագործմանը …                
    
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/06edbf9c7a053de6d4e0c6035af7dda2