«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի «խաղաղության» պայմանագիր, ոչ մի էրդողանագրքաժպիտ «դիվանագիտություն» չի թուլացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի նորանոր պահանջներն ու նկրտումները: Հասկանալի է՝ Զուլֆուգարովը տվյալ դեպքում հանդես է գալիս Ալիևի ոչ պաշտոնական խոսափողի դերում: Այսինքն, բարձրաձայնում է «մտքեր», տարբերակներ, որոնք Ալիևը կուզենար դնել հրապարակային շրջանառության մեջ, բայց դեռևս ոչ ուղղակիորեն պաշտոնական խողովակներով: Զուլֆուգարովի (իմա՝ Ալիևի) հակահայկական մտմտումներից օրերս բարձրաձայնված տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կոնտրիբուցիայի վարկածն» է:
Այս դեպքում Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով: Ի դեպ, զուգահեռ առաջ է քաշվում Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի «վերադարձի» թեման: Շշմեցուցիչ է այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ոչ մի կոնտր-պահանջ չի առաջադրում՝ առնվազն փակելու համար նման հարցերի արծարծումը: Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դնեն հարյուր հազարավոր հայերի՝ Բաքու և այլ բնակավայրեր՝ իրենց տները վերադառնալու վերաբերյալ հարցը: Դեռ չենք խոսում Արցախի հայության՝ իր պատմական բնօրրան-հայրենիք վերադառնալու և ապրելու առանցքային ու ամեն ինչից վեր գտնվող բնական իրավունքի մասին:
Երբևէ լսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ քաշի ավելի քան 3,5 միլիոն հայության՝ սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկվելու և նրանցից ավելի քան 1,5 միլիոնի ֆիզիկական ոչնչացման, կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը: Ո՞վ պահանջի, Նիկոլ Փաշինյա՞նը, ոճրագործ Էրդողանի գիրքը երջանկությամբ կրծքին սեղմո՞ղը: Էլ չասած այն մասին, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ավելի փոքր տրամաչափի ներկայացուցիչները պարբերաբար խիստ թափանցիկ ակնարկներ են անում՝ նպատակ ունենալով ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նրա իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ակնարկում են, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հիշատակման գործընթացը պրակտիկ տեսանկյունից արդյունավետ չէ: Այսինքն, փաստացի նախապատրաստում են հանրությանը՝ այդ հիշողությունից էլ հրաժարման՝ ինչ-որ երևակայական «բանի» դիմաց, ենթադրվում է՝ «խաղաղության պայմանագիրը» կամ սահմանների բացումը:
Այնպես որ, այս ընթացքը շարունակելով՝ նրանք ավելի շուտ չեղյալ կհայտարարեն Ապրիլի 24-ը, կապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Դե, զիջելու գործընթացում նրանք անզուգական են… Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Ադրբեջանը պահանջների նոր չափաբաժին հրապարակայնացրեց: Այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։