ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼԸ

Եթե որևէ մեկը մեկ այլ անձի հասցեին անընդհատ կոնկրետ մեղադրանք հնչեցնի՝ շրջապատին կսկսի թվալ, թե դա ճիշտ է, եթե նույնիսկ այն լինի անհեթեթ: Դա նույն գեբելսյան խոշոր սուտն է՝ անընդհատ կրկնվող: Այդ մեթոդից օգտվում է, ասենք, ԱՄՆ իշխանությունը, նախկին նախագահ,  նախագահի հանրապետական թեկնածու Դ. Թրամփին ներկայացնելով որպես սպառնալիք ամերիկյան անվտանգության համար: Չնայած դժվար թե «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» կարգախոսի հեղինակը լինի այնպիսին, ինչպիսին ներկայացնում են իրեն: Բայց դա չէ կարևորը,  կարևորն այն է, որ շարքային քաղաքացին հավատա ասվածին: Գրագիտության խնդիր ունեցող մարդիկ դրան հավատում են, նաև տարածում են իրենց շրջապատում: Նույնը վերաբերում է նաև մեզանում տարածված՝ «հանգիստ ապրել» ասվածին. հայաստանցիների ուղեղը մտցվում է, որ դրան խոչընդոտում է ընդդիմության դրոշը պարզած Բագրատ Սրբազանը: Իսկ Արցախը թշնամուն հանձնելը որպես նախկինների արած ներկայացնելն ընդհանրապես կարելի է համարել գեբելսյան քարոզչությանն արժանի նմուշ:Վերադառնանք հանգիստ ապրելուն, ինչը նորմալ մարդկային ցանկություն է՝ նույնիսկ այն դեպքում, երբ իրականությունը չի նպաստում դրան: Եվ այդ հանգամանքին խոչընդոտող ամենամեծ սպառնալիքը գործող իշխանությունն է: Իհարկե, ոչ ամենուրեք, այլ Հայաստանի նման երկրներում, քանի որ այստեղ այն սպասարկում է ոչ թե մեր հայրենիքի, այլ թշնամու շահերը: Նման պայմաններում, բնականաբար, անիրականանալի երազանքի է վերածվում հանգիստ ապրելը: Բայց քանի որ շարքային քաղաքացին չունի այն մակարդակը, որպեսզի դա գիտակցի, ապա ընդունում է այն տարբերակը, որ մատուցվում է իրեն իշխանության կողմից: Դա, նախ, ավելի ընդունելի է, քանի որ ներքաղաքական խաղաղ պայմաններում իշխանության նկատմամբ հավատը կամ վստահությունը, որքան էլ այն ցածր լինի, ավելի բարձր է, քան ընդդիմության նկատմամբ: Երկրորդ, դրան հետևելն ավելի անվտանգ է. իրավապահների հետ խնդիրներ չես ունենա: Երրորդ, քանի դեռ չի սկսվել իշխող անձանց (մեր դեպքում՝ միայն մեկին) մերժելու համընդհանուր գործընթացը, այն համապատասխանում է մեծամասնության մոտեցմանը, ինչն ապահովում է կոմֆորտ զոնայում մնալը:

Ի դեպ, ուղեղն անջատելու դեպքում կարելի է փորձել հանգիստ ապրել նաև օտարի տիրապետության պայմաններում: Այն հանգրվանում, դեպի ուր տանում է մեր երկիրը ՀՀ գործող իշխանությունը: Առանց, բնականաբար, դա գիտակցելու ու նույնիսկ ինքնիշխանության բարձրացման կարգախոսի ներքո: Բայց օտարի տիրապետության ներքո հանգիստ ապրելը մշտական լինել չի կարող, քանի որ այդ պայմանների փոփոխության դեպքում ամեն ինչ ենթակա է վերացման: Ինչը թե՛ մեր նախնիները և թե՛ մենք զգացել ենք մեր մաշկի վրա: Ու ինչն իր դառը հետքն է թողել թե՛ մեր հոգեբանության և թե՛ մեր մտածողության վրա: Ասվածը նշանակում է, որ հանգիստ ապրելուն խոչընդոտելու համար պետք է ոչ թե մեղադրենք Բագրատ Սրբազանին, այլ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլին: Որովհետև Սրբազանի կռիվը ոչ թե սովորական աթոռակռիվ է, ինչպես ներկայացվում է գործող իշխանության կողմից, այլ պայքար հանուն մեր հայրենիքի փրկության: Եվ 44-օրյա խայտառակ պարտության խորհրդանիշ անձին մերժելը կլինի հայրենիքի փրկության առաջին հանգրվանը, որին կհետևեն մնացած բոլորը: Ու այդ դեպքում էլ նոր իշխանության կողմից կապահովվի մեր  բոլորիս հանգիստ ապրելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/14ba1a8ff53d3728f04370df60839095