Իսկ ՀՀ ԱԺ-ում դիտարկում են Ադրբեջանից գազ գնելու հարցը։ ՔՊ-ից պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, թե «Ադրբեջանից գազ գնելը կապահովի ՀՀ էներգետիկ անկախությունը» ու որ պետք է նայեն՝ ով է ռեսուրսն ավելի էժան, որակով ու արագ մատակարարում, «եթե մատակարարում է Ադրբեջանը, կարելի է քննարկել»։
«Այս հարցին ինքս մեկ անգամ պատասխանել եմ։ Նախ, կախվածություն լինում է այն ժամանակ, երբ դու էներգառեսուրս գնում ես մեկ աղբյուրից, ցանկացած այլընտրանքային աղբյուրից էներգառեսուրս գնելը կախվածությունը ոչ թե ավելացնում, այլ նվազեցնում է։ Այսինքն՝ եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։ Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի, սա մի քիչ ավելի հետագայի ու տեսական հարց է, բայց երբ կունենանք այնպիսի իրավիճակ, երբ կկարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, և եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, պետք է նայենք, թե այդ ռեսուրսն ով է ավելի էժան, որակով ու արագ մատակարարում»,- նշեց Բաբկեն Թունյանը։
Ըստ նրա, եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է դա քննարկել, եթե բխում է ՀՀ շահերից։
«Իհարկե, պետք է միշտ հաշվի առնել, որ պետք է պահել դիվերսիֆիկացիան ու այլընտրանքային աղբյուրները»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։