Հայաստանը դրել են խոշոր տուգանքներ վճարելու սպառնալիքի տակ

Այս իշխանությունը ոչ միայն նյութական ու բարոյական մեծ վնասներ է հասցրել երկրին, այլև, իր քաղաքական հետաքրքրություններից դրդված՝ Հայաստանը մտցրել է խոշոր տուգանքներ վճարելու սպառնալիքի տակ։Մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք ներդրումներ են կատարել Հայաստանում ու հետո, տարբեր պատճառներով, կանգնել փաստի առաջ, դիմել են միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով պետությունից մեծ գումարներ վճարել իրենց կրած վնասների դիմաց։

Ներդրողները կառավարությանը մեղադրում են քաղաքական շահ հետապնդելու ու, ըստ էության, պետական «ռեկետ» իրականացնելու մեջ։

Օրերս Հայաստանի դեմ հերթական խոշոր՝ 1,2 մլրդ դոլարի հայց ներկայացնելու մասին հայտարարեց «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը՝ մեղադրելով կառավարությանը, որ քաղաքական արշավի պատճառով խաթարել է իր ներդրումները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», որի նպատակը եղել է կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելը։«2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։

Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու:

Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)»,- ասվում է ընկերության շահերը միջազգային դատարանում ներկայացնող փաստաբանական ընկերության օրերս տարածած հաղորդագրության մեջ։

Սա Հայաստանի դեմ ներդրողների կողմից միջազգային արբիտրաժային դատարան ներկայացված երբեմնի ամենախոշոր գումարային պահանջն է։

Ընկերությունը կառավարությանը մեղադրում է, որ լինելով Զանգեզուրի կոմբինատի բաժնետեր՝ իրեն զրկել են կոմբինատի բաժնետոմսերը ձեռք բերելու առաջնային իրավունքից։

Անշուշտ, դեռ վաղ է ասել, թե ի՞նչ տեղի ունենա միջազգային դատական ատյաններում և ինչքանո՞վ կբավարարվի ընկերության ախորժակը, բայց միայն այդ փաստն ինքնին բավական է՝ Հայաստանի ներդրումային վարկանիշին մեծ վնաս հասցնելու համար։ Դեռ չենք ասում, թե ինչ կլինի, եթե հանկարծ հայցը բավարարվի։

Որտեղի՞ց է կառավարությունը բերելու այդ 1,2 միլիարդը՝ փակելու իր արկածախնդրության հետևանքները։

Հատկապես, որ բոլորովին էլ եզակի դեպքի հետ գործ չունենք։ Վերջին տարիներին իշխանությունների գործողությունները միջազգային արբիտրաժային դատարանում բողոքարկողների պակաս չի եղել։

Այդպիսի խոշոր ընկերություններից են «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպը» և «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըրը»։

Առաջինը հանդիսանում էր Երևանի սանմաքրման համակարգի կառավարիչ ընկերությունը, որին տարբեր պատճառաբանություններով զրկեցին կառավարման իրավունքից, իսկ երկրորդը՝ Ամուլսարի հանքի բաժնետերը։

«Սանիթեքի» հայցի մասնակիցները պնդում են, որ  վեճը բխում է Հայաստանի կառավարության խտրական և բռնագրավվող գործողություններից, առ այն, որ մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը չի  կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը, հեռացրել  է «Սանիթեք»-ին։

«Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ»,- իրենց հայցում պնդել են միջազգային ներդրողները։

Ամուլսարի պարագայում վիճարկում է կառավարության գործողությունները, նաև անգործությունը, որ չի կատարել իր պարտականությունները ու չի կանխել «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ի (Lydian International LTD ) աշխատանքների խոչընդոտմանն ուղղված քայլերը։

Նշենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ն մինչև 2020թ. հուլիս ամիսը հանդիսացել է Լիդիան ընկերությունների խմբի մայր ընկերությունը և տիրապետել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին։ Սակայն 2020թ. հուլիսին զրկվել է ընկերության բոլոր բաժնետոմսերից։

Այդ ամենը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, արգելափակվեց Ամուլսարի ծրագիրը։

Միջնորդ դատարանի մշտական պալատում վիճարկվում են կառավարության գործողությունները, որոնց հետևանքով, ըստ ներդրողի, զգալի վնասներ են կրել։

Տարօրինակ զուգադիպությամբ, ինչպես Զանգեզուրի կոմբինատի, այնպես էլ Ամուլսարի պարագայում, որտեղ ներդրողները խնդիրների են բախվել, հետագայում կառավարությունն անհասկանալի նվիրատվություններ ստացավ՝ բաժնեմասնակցության ձևով։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը սա լուրջ ձեռքբերում է համարում, միջազգային որոշ ֆինանսական կազմակերպություններ սկսել են խնդիրներ տեսնել դրանում ու հորդորում են կառավարությանը՝ ազատվել այդ բաժնետոմսերից։

Թե ի՞նչ կանի կառավարությունը, ժամանակը ցույց կտա, բայց որ այս մութ պատմությունների հետևում Հայաստանը հայտնվել է խոշոր տուգանքներ վճարելու ռիսկի տակ, փաստ է։

Մեծապես տուժել է նաև երկրի միջազգային ներդրումային հեղինակությունը։ Ու դրան նպաստել է կառավարության անպատասխանատու վարքագիծը։

Դժվար չէ հասկանալ, թե ներդրումային միջավայրին ինչպիսի հարված կարող է հասցնել այն, երբ ներդրումներ կատարած ու խնդիրների բախված կազմակերպությունները մեղադրում են իշխանություններին՝ իրենց գործունեությանը խոչընդոտելու համար, որը հետապնդել է քաղաքական, երբեմն՝ ուղղակի բաժնեմասեր ստանալու նպատակ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ