Ընկել են անապահովների հետևից, նպաստն են կտրում. Մի անգամ չասացին՝ պաշտոնյաներին կզրկենք պարգևավճարներից

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը։ Չնայած բացահայտ չեն ասում, բայց համակարգի ներդրումը մեկ հիմնական նպատակ ունի՝ հնարավորինս քիչ մարդու սոցիալական նպաստ տալ։ Ներդրումից հետո, հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ-հազարավոր ընտանիքներ կզրկվեն նպաստ ստանալու հնարավորությունից։Սա անում են անապահով ընտանիքներին ուղղվող ծախսերը կրճատելու համար։

Կրճատում են, որպեսզի նրանց տրամադրվող գումարներով կարողանան ավելի շատ բարձրացնել իրենց աշխատավարձերն ու ավելի շատ  պարգևավճարներ բաժանել, ավելի շատ շրջագայությունների մեկնել ու ճոխ ծախսեր անել, թանկարժեք ծառայողական մեքենաներ գնել։

Անշուշտ, լավ օրից չէ, որ մարդիկ օգտվում են անապահովության նպաստներից։

Ընդամենը մի քանի հազար դրամի նպաստ են տալիս, դրանից էլ են ուզում զրկել։

Չեղավ՝ մի անգամ ասեն, քանի որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն առանց այդ էլ բարձր աշխատավարձեր են ստանում, վերացնում ենք պարգևավճարները։ Այլևս որևէ բարձրաստիճան պաշտոնյա պարգևավճար չի ստանալու։

Չգիտես ինչի համար, իրենց մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար կարելի է ստանալ, իսկ անապահովներին՝ մի քանի հազար դրամ նպաստ ստանալը ճոխություն, պետական միջոցների շռայլություն ու հավանաբար վատնում են համարում։ Անապահովության նոր հայեցակարգ ներդնելու անվան տակ պատրաստվում են տասնյակ-հազարավոր մարդկանց զրկել սոցիալական նպաստներից։

Մինչ այդ էլ, իհարկե, տասնյակ-հազարների զրկել են։

«Մենք 2021թ., մինչև միասնական սոցիալական ծառայության ստեղծումը, համակարգում ունեցել ենք 93.000 անապահով ընտանիք, այս տարվա հունիսի տվյալներով՝ 65 հազար է»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Երեք տարում 28.000 ընտանիքի նպաստ կտրել են։ Ընդունենք՝ ճիշտ են արել։ Բայց եթե նրանք իսկապես անապահով չեն եղել, ինչպե՞ս են ընդգրկվել համակարգում ու նպաստ ստացել, ո՞վ պիտի պատասխան տա հարյուրավոր միլիոնների, եթե ոչ՝ միլիարդների չարաշահումների ու պետական միջոցները վատնելու համար։

Անապահովության գնահատման գործող համակարգն իսկապես բազմաթիվ խնդիրներ ունի։ Բայց դա չի նշանակում, թե մարդկանց այդ համակարգից պարտադրաբար հանելով՝ նրանց սոցիալական խնդիրները լուծվելու են։ Իսկ, որ նոր հայեցակարգի ներդրումը տանելու է դրան, միանշանակ է։

Այնպիսի չափանիշներ են սահմանել, որ շատերը, առանց այլևայլության, դուրս են թռնելու։

Ասենք՝ առաջարկում են աշխատանք, որը նպաստառուն, առողջական կամ ֆիզիկական խնդիրներով պայմանավորված, հրաժարվում է ընդունել, ավտոմատ հանում են անապահովության համակարգից։ Կարծես դրանով մարդն այլևս դադարում է անապահով լինելուց։

Սա ընդամենը մի օրինակ է, երբ արհեստական միջոցներով մարդկանց զրկելու են մի քանի հազար դրամ նպաստ ստանալուց՝ նրանց դնելով ավելի վատ սոցիալական պայմաններում։

Ծիծաղելի է, երբ ասում են, թե Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն ուզում աշխատել։ Այդ աշխատատեղերը, որոնք միշտ էլ եղել են, շատ հաճախ ոչ միայն խիստ սպեցիֆիկ են, այլև վարձատրությունն է չափազանց ցածր։ Մի ամբողջ ամիս մարդ կարող է աշխատել, իսկ վերջում պարզվի, որ ծախսերն ավելի շատ են, քան ստացած գումարը։

Ո՞վ կգնա, նման աշխատանք կանի։

Բայց միևնույն է, եթե հրաժարվեցին, զրկվելու են նպաստից։

Այս ճանապարհով աշխատանքը չեն խրախուսում, ինչպես փորձում են ներկայացնել նոր համակարգի ներդրումը։ Ընդհակառակը՝ դա տանելու է երկրում աղքատության խորացման։

Աղքատության մակարդակը Հայաստանում առանց այդ էլ չափազանց բարձր է։ Իշխանափոխությունից հետո, չնայած անցել է վեց տարի, այդ առումով շոշափելի առաջընթաց չկա։

Գրեթե ամեն չորրորդ քաղաքացի ինչպես եղել, այնպես էլ շարունակում է աղքատ լինել։

Վերջին տվյալներով, բնակչության 23,7 տոկոսն աղքատության մեջ է ապրում։

Խոսքն ավելի քան 710 հազար մարդու մասին է։

Համաշխարհային մակարդակի տնտեսական աճերից են խոսում, բայց դրանից հարյուր-հազարավոր մարդկանց սոցիալական վիճակն ամենևին չի բարելավվում։ Շատերինը նույնիսկ վատանում է, որովհետև ստեղծվող հավելյալ արժեքը քչերի մեջ է բաշխվում։ Հասարակության մեծ մասին, առավել ևս՝ աղքատ խավերին, հիմնականում չի հասնում։ Նրանք շարունակում են գոյատևել իրենց չնչին եկամուտներով ու կրել թանկացումների, նաև այն ֆինանսական պարտավորությունների բեռը, որն իշխանություններն անընդհատ ավելացնում են քաղաքացիների վրա։

Քանի՞ հարյուր հազար մարդու եկամուտներն այս տարի չեն ավելացել։ Բավական է հիշել միայն 500 հազարից ավելի թոշակառուներին ու 65-70 հազար նպաստառուներին։

Բազմաթիվ են նաև այն աշխատող քաղաքացիները, որոնց աշխատավարձերը ոչ միայն շատ ցածր են, այլև շարունակում են չբարձրանալ։

Եվ ինչո՞ւ միայն այս տարի։

Վերջին վեց տարիներին սոցիալական ամենախոցելի խմբերի եկամուտները մեր երկրում ավելացել են ընդամենը 9-10 հազար դրամով։ Փոխարենը՝ շատ ավելի մեծ է եղել թանկացումների ազդեցությունը։ Հայաստանն անգամ աշխարհի մակարդակով վերածվել է ամենաթանկ երկրներից մեկին։

Այս պայմաններում բնական չէ՞, որ աղքատությունը չի կարող նվազել, որովհետև այս մարդկանց եկամուտներն այնքան չեն ավելանում, որպեսզի դուրս գան աղքատության գծից։

Հասարակության այս խմբերի, մասնավորապես՝ նպաստառուների եկամուտներն ավելացնելու փոխարեն, մի բան էլ ուզում են կտրել, առանց այլընտրանք ապահովելու։ Այն, ինչ պատրաստվում են առաջարկել, այլընտրանք չէ ու տանելու է եղած չնչին գումարներից էլ մարդկանց զրկելուն։

Այսպես են անում, որ սոցիալական իրավիճակը մեր երկրում գրեթե չի բարելավվում։

Երբ նոր էին եկել իշխանության, խոստանում էին կարճ ժամանակում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Բայց այսօր էլ ծայրահեղ աղքատությունը կա ու չի վերացել։

Վերջին ամենաթարմ տվյալներով, բնակչության 1,1 տոկոսը ծայրահեղ աղքատ է։

Վեց տարում հասցրել են այն կրճատել ընդամենը 0,3 տոկոսային կետով, չնայած խոստացել էին ընդհանրապես վերացնել։

Հիմա էլ անապահովության գնահատման համակարգն են փոխում։ Կարծում են՝ համակարգերը փոխելով ու մարդկանց աչքերին թոզ փչելով՝ աղքատությունը կվերանա, ու մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել։  Իսկ իրենք իրենց հանգիստը վայելում են Եվրոպաներում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ