Բյուջեում փող չկա ու Փաշինյանի կառավարությունը որոշել է այն լցնել եկամտահարկի հետվերադարձի գումարները հարկելու ճանապարհով։ Ֆինանսների նախարարաության պատրաստած աշխատանքային նախագիծը օրերս հայտնվեց ԶԼՄ-ներում, որից իմացանք՝ հնարավոր է 20 տոկոսի չափով հարկում կիրառվի։ Այս տարվա առաջին եռամսյակում կառավարությունը հավաքագրել է պլանավորվածից մոտ 117 մլրդ դրամով պակաս եկամուտ ու ըստ տեղեկությունների, վարչապետը հրահանգել է՝ «ոնց ուզում եք, բյուջեն լցրեք»։ Սա է պատճառը, որ 2018 թվականին այդքան գովաբանված համակարգը հիմա նույն իշխանությունը ծանր բեռ է համարում։
2018 թվականի հունիսի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով ներկայացնում էր «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի փոփոխությունները, խոսեց նորակառույց բնակարաններ գնելու դեպքում եկամտահարկի հետվերադարձի օգտակարության մասին։ «Սա կարևոր է նրանով, որ նորակառույց բնակարանների պարագայում նաև եկամտահարկի վերադարձի օրենսդրական հնարավորությունն է գործում: Այսինքն, եթե բնակարանը ձեռք է բերվում նորակառույց շենքից, բացի այս արտոնություններից, կա հնարավորություն նաև պետությանը վճարվելիք եկամտահարկով փակել վարկի տոկոսները: Այսինքն, ըստ էության, պետությունն այսպիսով մասնակցություն է ունենում վարկի մարմանը, և սա շատ լավ հնարավորություն է»,-ոգեւորությամբ հայտարարեց նա։
2020 թ-ի հունվարի 25-ին Եկամտահարկի հետվերադարձը՝ որպես ձեռքբերում տեղ գտավ Փաշինյանի կազմած «100 փաստ Նոր Հայաստանի մասին» ձեռքբերումների ցանկում, որը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։ Իշխանության թմբկահարած փաստերի 44-րդ կետում նշված էր․«Էական աճել է հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար ուղղվող ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձվող գումարը: 2019 թվականին վարկառուների թիվը դարձել է 2.568, որը 2018-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2017-ի համեմատ՝ 180%-ով: 2019թ-ին վարկառուներին վերադարձվել է 7.9 միլիարդ դրամ, որը 2018-ի համեմատ ավել է 69%-ով, 2017-ի համեմատ՝ 227%-ով»:
Արդեն 2021 թվականին Փաշինյանի կառավարությունը վերանայեց եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և, ինչպես 2021թ օգոստոսի 12-ի կառավարության նիստին հայտարարեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, դրան տրվեց «ընդգծված սոցիալական նշանակություն»։ Որոշվեց Երևանի վարչական սահմաններում, ըստ գոտիականության և ըստ տարիների, աստիճանաբար կրճատել համակարգի կիրառության շրջանակը։ Այդ օրը կառավարության նիստին հնչեց․ «Շատ կարևոր է նաև այն, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները, այնպես, ինչպես ստանում էին մինչև այս փոփոխությունը։ Այսինքն, կատարվող օրենսդրական փոփոխությունը հետադարձ ուժ չունի»։ Ըստ փոփոխության, մինչև 2025 թվականը ծրագիրը դադարում էր գործել ամբողջ Երևանում։
Ու չնայած այս դրական ազդակներին, 2023 թ․-ին ֆինանսների նախարարությունն առաջարկեց 2029 թվականից ամբողջությամբ հրաժարվել եկամտային հարկի վերադարձի կիրառությունից ոչ միայն Երևանում, այլև մարզերում, եւ սահմանափակել եկամտայկին հարկի չափը, որը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Արդեն 2024 թվականին նախարարությունը ներքին շրջանառության համար աշխատանքային նախագիծ է պատրաստում, որն առաջարկում է հետ վերադարձվող գումարը 20 տոկոսի չափով հարկել։ Նախագծում հղում է արվում ՊԵԿ տվյալներին․ եթե 2015թ․-ին վարկառուներին է վերադարձվել մոտ 274 մլն դրամ, ապա 2023-ին այն հասել է 51.9 մլրդ դրամի, իսկ 2024-ի առաջին կիսամյակում արդեն վերադարձվել է 32.1 մլրդ դրամ։
Ստեղծված իրավիճակի, առաջարկվող փոփոխության ու դրա հետեւանքների մասին «Հրապարակ»-ը զրուցել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ, որը մշտապես կողմ է եղել եկամտահարկի հետվերադարձի գործիքի սահմանափակմանը։
-Պարո՛ն Արամյան, կառավարությունը բյուջեի համար մեծ բեռ է համարում եկամտահարկի վերադարձվող գումարները, իսկապե՞ս դա այնպիսի բեռ է, որի տակից հնարավոր չէ դուրս գալ ու պետք է գնալ այս ճանապարհով։
-Հնարավոր է դուրս գալ, թե հնարավոր չէ, բազմավեկտոր հարց է, միշտ ցանկացած խնդրի տակից հնարավոր է դուրս գալ, այլ բան է, թե ինչի հաշվին։ Որպեսզի թվերի լեզվով խոսենք, պատկերացրեք՝ արդեն 2023 թվականի ավարտով 52 միլիարդ եկամտային հարկի հետվերադարձ է կատարվել։ Այս տարի արդեն, այս բումի շրջանակներում, երբ ակնհայտ է, թե ինչ ծավալի շինարարություն է ընթանում, որը խնդրահարույց է եւ՛ կենտրոնացվածության, եւ՛ քաղաքային հարցերի կարգաբերման տեսանկյունից, ցուցանիշը 70 միլիարդը կանցնի։ Մոտենում ենք 200 միլիոն դոլարին, ընդ որում, եթե լինում է 70 միլիարդ, այնպես չէ, որ 2026 թվականին այդ թիվը նվազելու է, այն նորից շարունակելու է աճել։
Այժմ մի փոքր գնանք ակունքները եւ հասկանանք, թե որն է նախկին տնտեսական քաղաքականության կուրսի եւ այս իշխանության քաղաքական կուրսի տարբերությունը , եւ որոնք են խնդիրները, որոնք մենք բազմիցս ներկայացրել ենք․ ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և, երբ այս գործիքակազմը դրվեց, հայտարարվեց որ այն ունի տնտեսական նպատակ՝ որպեսզի վերակենդանացվեր բնակարանաշինության ոլորտը, որը 2009թ ճգնաժամից հետո խռխռացող վիճակի մեջ էր։ Ընդ որում, պետք է հասկանանք, որ այս գործիքն ունեցել է բացառապես տնտեսական նպատակ և ոչ թե սոցիալական, ինչպես 2018թ-ի իշխանափոխությունից հետո բազմիցս հայտարարում էր նոր իշխանությունը։ Այդ երկու նպատակաները՝ սոցիալական և տնտեսական, անհամատեղելի են։ Այն չուներ սոցիալական ուղղվածություն, քանի որ սոցիալական ֆոկուս խմբերը բացակայում էին, ծրագրից կարող էին օգտվել ցանկացած անձ՝ այդ թվում բարձր եկամուտ ունեցողները։
Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ գործիքի ներդրումից հետո հայտարարվեց, որ այն ունի ժամանակավոր բնույթ։ Ես՝ ֆինանսների նախարարի դիրքում, ասել եմ, որ հարգելի՛ հանրություն եւ բնակարանաշինության ոլորտում զբաղված տնտեսվարողներ, իմացեք, որ սա ժամանակավոր գործիք է։ Որոշ ժամանակ անց մենք սա ուղղակի հետ ենք քաշելու։ Պատկերացրեք՝ հիվանդ օրգանիզմին տալիս ենք ինսուլին, բայց չես կարող այդ օրգանիզմը նստեցնել ասեղի վրա, սա խիստ վտանգավոր է, դու պետք է աստիճանաբար այն հետ քաշես։ Եվ, որպեսզի մենք մեր տրված ազդակներին համահունչ լինենք , 2017 թվականին ձեռնարկեցինք առաջին սահմանափակումը՝ 55 միլիոնի շեմ + մեկ անգամ մասնակցություն։ Փա՛ռք տիրոջը, որ դա մենք արեցինք մինչ իշխանափոխությունը, որովհետեւ ես սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե գոնե այդ զսպաշապիկը հագցրած չլինեինք։ «Զսպաշապիկից» հետո ես կրկին հայտարարեցի, որ հաջոդ փուլով այս գործիքը պետք է հետ քաշվի, այսինքն, մեկ-երկու տարի հետո այն պետք է ավարտվեր։
Ինչո՞ւ է կարեւոր սա, որովհետեւ տնտեսվարողներին և շահառուներին դու պետք է ճիշտ ազդակներ տաս և գործողություններդ էլ տրված ազդակներին համադրելի պետք է լինեն, հանկարծակիի չբերես, ինչպես հիմա։
Ինչ տեղի ունեցավ 2018-թից հետո․ կառավարությունը շտապեց փոխել գործիքի նշանակությունը, ավելի շատ ներկայացնելով այն որպես սոցիալական, քանի որ վերջինս ավելի զորեղ և ամբոխահաճո էր հնչում։ Իշխանությունների հայտարարությունները, շատ բարձր մակարդակներում ասում էին, որ սա շատ հոյակապ գործիք է, սոցիալապես թիրախավորված է, որ մենք շարունակելու ենք։
Արդյունքում, այդ ազդակները վերցրեցին տնտեսվարողները, գնացին մտան բանկային վարկերի տակ Երևանում և հատկապես կենտրոնում խոշոր բնակարանային նախագծեր սկսեցին։ Մյուս կողմից էլ հիփոտեկային վարկերը բավականաին արագ աճեցին եւ ունեցանք եռակի պրոբլեմներ։ Պրոբլեմ համար առաջին՝ հիմնականում թիրախավորեցինք հասարակության միջին եւ բարձր եկամուտով շերտին։ Սա խնդիր է, որովհետեւ, հավատացե՛ք, 55 միլիոնանոց կամ թեկուզ, 30 միլիոնանոց բնակարան չի կարող ձեռք բերել սոցիալապես անապահով խավը կամ մարդը , որը ասենք, 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Առնվազն պետք է 1-1,5 միլիոնանոց եկամուտ ունենալ, որպեսզի կարողանաս հավակնել դրան։ Այսինքն, սոցիալական բեւեռվածությունը խորացվեց։ Երկրորդ, ազդակներ տրվեցին տնտեսվարողներին, որպեսզի իրենց միջոցները կուտակեն բնակարանային շինարարության մեջ, որը տնտեսական պոտենցիալը չի ավելացնում, բնակարանը հաջորդ տարի չի մասնակցում քո տնտեսական կյանքի ստեղծմանը։ Երրորդ խնդիրը՝ այս իրավիճակում արտահանելի հատվածից ռեսուրսները բերվեցին ոչ արտահանելի հատված: 2020-2021թթ կառավարության ղեկավարի առաջին ելույթն եմ հիշում այն մասին, թե պետք է վերանայենք համակարգը։ Պատկերացնու՞մ եք՝ ուղիղ երկու տարի առաջ կառավարությունն ասում էր, որ սա շատ լավ ծրագիր է, ներկայացնում որպես ձեռքբերում և ազդակ տալի, որ այն պետք է շարունակական լինի, հետո փոխում մտադրությունը։ Սա տնտեսական քաղաքականության համար առաջին խնդիրներից կարելի է համարել, երբ նախկին տրված ազդակներդ և գործողություններդ չեն համապատասխանում միմյանց։
Ես 2018 թվականին էլ, լինելով արդեն մասնավոր հատվածում, նույն էի ասում․ Որքան ուշացնում եք այդ գործիքից հրաժարումը և դրա ծախսերի հետքաշումը, այնքան ապագայում այն ծախսատար է լինելու բոլոր իմաստներով։
Ֆինանսների նախարարությունը ճիշտ է անում, որովհետեւ այլընտրանք չունի, բայց սա ուշացած գործողություն է, որի ակունքներում կառավարության ամբոխահաճո քաղաքականությունն է եղել։ Ես վստահ եմ, որ նախարարությունում շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։
-Այդ մոտեցումը մեթոդապես ճի՞շտ է, չի՞ ստացվում կրկնակի հարկում։
-Ըստ GFS—ի կանոնների՝ ԱՄՀ-ի կողմից ստեղծված հանրային ֆինանսների վիճակագրության միջազգային ստանդարտների, այն պահից երբ ես հաշվետվություն եմ ներկայացնում հարկային մարմին եւ իմ հարկային պարտավորությունը կատարում եմ, այդ գումարների սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը, այսինքն, պետությունը իրականում այդ գումարը վերցնում է որպես հարկ, այն դառնում է իր սեփականությունը, որը նա հետ է վերադարձնում սուբյեկտին։ Այդ պարագայում, նա եկամուտ է ստանում, ի տարբերություն նրանց, որոնք այդ ծրագրի շահառուները չեն եւ այդ եկամուտը, ըստ GFS—ի կանոնների, ենթակա է հարկման, որովհետեւ բյուջեի ծախսերի միջոցով եկամուտ է ստանում սուբյեկտը։ Սա է ճիշտ կանոնը, ես այս տեսնակյունից խնդիր չեմ տեսնում ես խնդիր եմ տեսնում կառավարության վարքագծի, իր նախկին ամբոխահաճո հայտարարությունների եւ իր գործողությունների տեսանկյունից, որ անընդհատ խաղի կանոն է փոխում։
-Տնտեսագիտորեն, գուցե Ձեր նշած կանոնները ճիշտ են, բայց ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում արդյո՞ք դա խնդրահարույց չի այն շերտի համար, որը հենց եկամտահարկի հետվերդարձի երաշխիքը ունենալով է մտել հիփոտեկային վարկային պարտավորությունների տակ։ Ես չեմ խոսում այն շերտի մասին, որը իր հերթական ու հաջորդ բնակարանն է ձեռք բերել հարմար պայմաններով։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք իրենց երկարաժամկետ ծախսերը պլանավորելիս նկատի են ունեցել այդ գործիքի կիրառության ազդեցությունը, նրանք հույս են դրել պետության աջակցության վրա։
-Այո, խորքում Դուք ճիշտ եք, Դուք ասում են՝ պետությունը խաղի կանոն է սահմանել, բայց ընթացքում փոխում է այդ կանոնը։ Ես հենց դա եմ ասում՝ կառավարությունը անընդհատ ծրագրի կեսից խաղի կանոն է փոխում։ Այն ժամանակ, երբ մենք այդ գործիքը ներդրեցինք, մենք հայտարարություն արեցինք, որ մի՛ հավակնեք, որ այն մշտապես լինելու է, բայց նոր կառավարությունը, որը 2018 թվականին եկավ, ասաց՝ իմացե՛ք, որ սա շատ լավ գործիք է, հետո ասաց՝ չէ, սա շատ լավ գործիք չէ, ես փոխել եմ իմ մտադրությունը։ Սա է տարբերությունը։ Սա գալիս է նրանից, որ կառավարության շատ բարձր պաշտոններում որոշումներ կայացնողները մասնագետներին չեն լսում։ Բազմիցս ասվել էր, թե ինչ խնդիրներ կարող են լինել, բայց չլսեցին, հետո վեր կացան, ու ասացին՝ գիտե՞ք, ճիշտ էիք ասում։ Խաղի կանոնը ծրագրի կյանքի կեսից փոխելը անարդար է շահառուների տեսանկյունից եւ դա ճիշտ չէ։
Բայց մեդալը ունի նաեւ երկրորդ կողմը՝ իրականում այդ գործիքից օգտվողների առյուծի բաժինը միջին և բարձր խավն են։ Միջին խավը բաժանենք երկու մասի՝ միջին խավ, որի ամսական եկամուտը մոտ է ՀՀ-ում միջին աշխատավարձին, որը 280 հազար դրամի շրջանակներում է։ Այդ եկամուտով հնարավոր է Երևանի ծայրամասերում մեկ սենյականոց բնակարան վերցնել հիփոտեկով, բայց շենքերում այդ բնակարանները ընդհանուր բնակարանների մի քանի տոկոսն են ընդամենը։ Եվ մյուս խումբը՝ բարձր եկամուտ ունեցողները, մարդիկ որոնց աշխատավարձերը անգամներով բարձր են միջին աշխատավարձից ։ Մեկ այլ ցուցանիշ ասեմ, երբ ժամանակին ես 2015 թվականի արդյունքերը վերցրեցի, օգտվողները հիմանականում ապահովված մարդիկ էին։ Հարց է առաջանում, ինչու՞ պետք է ՀՀ այլ քաղաքացիներ ֆինանսավորեն, օրինակ, Վարդան Արամյանի բարեկեցությունը, ով ստանում է միջին աշխատավարձից անգամներով բարձր աշխատավարձ։ Սա հանգեցնելու է հասարակությունում եկամուտների և հարստության էլ ավելի բևեռվածության , և դա շատ վտանգավոր խնդիր է։
Այսօրվա դրությամբ աշխարհում տնտեսական քաղաքականություն մշակողների գլխավոր խնդիրն այն է, որ միավոր տոկոս ՀՆԱ-ի աճից ավելի շատ օգտվում են ոչ թե անապահով շերտերը, այլ միջին եւ բարձր եկամուտ ունեցողները, պահանջարկի կորը աստիճանական ուղղահայաց է դառնում, եթե կառավարությունները չմիջամտեն։ Պատկերացրեք՝ մեկ միլիոն դրամը տասը հոգու ձեռքում եւ մեկ միլիոն դրամը մեկ հոգու ձեռքում, դա տարբեր սոցիալ տնտեսական հետևանքներ է ունենում։
Հիմա այս նախաձեռնությունը սոցիալական խնդիր կառաջացնի այն մարդկանց մոտ ովքեր ծայրը ծայրին հասցնելով՝ փորձել են խնայողություններ անել եւ ամրապնդել իրենց բարեկեցությունը։ Դա այս ծրագրի շահառուների փոքր շերտն է, ես դա չեմ վիճարկում։ Վստահաբար ասում եմ՝ ծրագրից օգտվողների առնվազն 70 տոկոսը չունի եկամտի այդ խնդիրը, օրինակ բանկային համակարգի միջին և բարձր դիրքերի աշխատակիցները, որոնց միջին եկամուտը 1-1,5 միլիոնից է սկսվում, ՏՏ ոլորտի աշխատողները, որոնք մինչեւ 3-4 միլիոն եկամուտ ունեն և այլն։ Դրա համար ես ժամանակին ասում էի՝ հարգելի նորընտրյալ կառավարություն, երբ 2018 թվականին հայտարարում էիք, որ սա շատ լավ սոցիալական գործիք է, ցույց տվեք ձեր ֆոկուս խումբը, ցույց տվեք այդ սոցիալական խումբը։ Մենք մեր ժամանակ ազնիվ ենք եղել, մենք չենք ասել՝ սա սոցիալական գործիք է, մենք ասել ենք՝ սա տնտեսական գործիք է եւ օրերից մի օր պետք է հետ քաշվի։ Վերցրեք եւ նայեք 2017թ դեկտեմբերի իմ հարցազրույցը։ Հենց այս գործիքի կյանքի երկարացման արդյունքում այսօր կենտրոնում բնակարանի 1 քմ-ի գինը 5-6 հազար դոլար է դարձել։ Ավելին, մարդը, որը Վահագնի թաղամասում տուն է գնել, եկամտային հարկով էլ կենտրոնում ևս մեկ բնակարան է գնել, սոցիալապես սա արդար է՞։
-Ստացվում է՝ խնդիրը ճիշտ թիրախավորե՞լն է, վերահսկելը, որ իսկապես բնակարանի կարիքավորները օգտվեն գործիքակազմից։
-Խնդիրը կառավարության մոտեցումների անընդհատ փոփոխությունն է և այս կամ այն գործիքին սխալ դերակատարություն տալը, դրա սխալ կիրառման հետևանքների չգիտակցելը։ Մուրճին չես կարող ձմերուկ կտրելու դերակատարություն տալ․ եթե ի սկզբանե ականջալուր լինեին մասնագետների հորդորներին և ընկալեին, որ սա չի կարող լինել սոցիալական գործիք, իսկ որպես տնտեսական գործիք էլ, այն պարտադիր պետք է շատ կարճ կյանք ունենար, ամեն բան իր տեղում կլիներ։ Եվ լավ է, որ գոնե 2021 թ-ին Ֆինանսների նախարարությունը ստիպեց կառավարությանը գոնե, հետնահանջ անել, բայց այդ հետնահանջը ժամանակի առումով ունի գին, որն այսօր վճարում ենք մենք բոլորս և հատկապես բարեխիղճ և իրապես այդ բնակարանի կարիքն ունեցող միջին խավը։
Կառավարությունը գերի է ընկել իր նախկին ամբոխահաճո հայտարարություններին, որոնք այսօր իր համար խնդիրներ են առաջացրել, իսկ ամբոխահաճո վարքագիծը միշտ բախվում է պրոֆեսիոնալիզմի հետ։ Արդյունքում իրապես տուգանվում են բարեխիղճ և իսկապես կարիքավոր հասարակության շերտը։
-Դուք ի՞նչ լուծում եք տեսնոււմ ստեղծված իրավիճակում, որը բալանսի կբերի եւ բյուջեի մեծ բեռը եւ այսպես ասած, «տուգանման» տակ ընկնող շերտին կտարանջատի մեծ եկամուտներ ունեցողներից։
-Ֆինանսների նախարարության մոտեցումը՝ փուլային հետ քաշելու, թեև ուշացած բայց ճիշտ էր։ Այնուամենայնից կյանքը ցույց է տալիս, որ գործողության ժամանակային ուշացման վնասները չեզոքացնելու համար բավարար չէր։ Ես խորհուրդ կտայի , օրինակ, ֆոկուս խումբ մտցնել։ Ես անընդհատ դա ասել եմ։ Օրինակ, պետական ծառայողները՝ վարչության պետից ցածր մասնագիտական խումբը, այնպես, ինչպես ժամանակին մենք սոցփաթեթը ներդրեցինք եւ նախարարներին ու փոխնախարարներին չներառեցինք այդ ցուցակում։ Սա մի տարբերակ է, դպրոցի ուսուցիչները երկրորդ տարբերական է եւ այլն, բայց պետք է գտնել այնպիսի մեխանիզմներ, որ հնարավոր լինի չարաշահումներից զերծ մնել։ Կամ պետք է ասել՝ ՏՏ ոլորտ, որին տարբեր արտոնություններ են տրված, այս մի ծրագրից մի՛ օգտվիր, որովհետեւ ՏՏ ոլորտում ամենափոքր աշխատավարձը երկրի միջին աշխատավարձից անգամներով բարձր է։ Աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմիններն ունեն, նրանք կարող են շատ հեշտությամբ գծել այդ շրջանագիծը։ Կարեւոր է , որ թիրախավորված լինի, եզրագծերը խորը վերլուծության արդյունքում պետք է իրականացվեն, տակը պետք է քաղաքականության փիլիսոփայություն դրվի, որ մարդիկ չասեն՝ ինչու՞ ոչ ես։ Օրինակ, երբ ԵՊՀ շրջանավարտների համար մեկնարկում էր մատչելի բնակարանաշինության ծրագիրը երրորդ նախագահի օրոք, հստակ նշվեց, որ կարեւորվում է կրթության ոլորտը, դրանով խրախուսվում է կրթությունը և երիտասարդ համալսարանականների գիտության և կրթության ոլորտում իրենց կարիերայի շարունականությունը։ Երկրորդ խնդիրը՝ արդարության չափանիշների սահմանումն է, դա բավականին բարդ գործ է։ Մենք ժամանակին, երբ Բնակարան երիտասարդներին նախագիծն էինք կազմում, տարբեր երկրների փորձ ուսումնասիրեցինք, մենք քառակուսի մետրերի հաշվարկներ տակը դրեցինք, որ իսկապես հարմարեցված լիներ փոքր՝ 1-2 փոքր երեխա ունեցող ընտանիքների մինիմալ պահանջներին։ Հարցումներ էինք իրականացրել թե ինչու՞ երիտասարդները չեն ամուսնանում ավելի վաղ տարիքում, որովհետեւ բնակարանային խնդիր ունեին։ Մենք լուրջ տնային աշխատանք կատարեցինք։ Հիմա, կարծում եմ, Ֆինանսների նախարարությունը ֆորձում է կանգնեցնել այն խնդիրը որն իր դաշտում է, այսինքն բյուջեի անընդհատ աճող բեռը։ Բայց ծրագրի ընդհանուր եզրագծերի մշակումը դա միայն ֆինանսների նախարության խնդիրը չէ, որովհետեւ, երբ թողնում ես միայն նրա հույսին, նա անում է այն, ինչ պետք է անի․ բերում է նախագիծ, որն ամրացնում է հանրային ֆինանսների կայունությունը։ Այսինքն նա ասում է՝ ես հարցին մոտենում եմ զուտ ֆինանսների կառավարման տեսանկյունից․ Դու՝ շահառու, կատարել ես քո հարկային պարտականությունը, վճարել ես եկամտային հարկ, որը եկել է բյուջե և դարձել իմ սեփականությունը, հետո ես քեզ այս ծրագրի ներքո եկամուտ եմ վճարում այն հաշվարկով որ դու կատարել ես տոկոսավճարներ, ուստի բարի եղի՛ր, մյուս եկամուտ ստացողների նման հարկ վճարել։ Կառավարության մնացած թեեւերը եւս պետք է աշխատեն, իրենց գործն անեն։ Ես շատ ուշադրությամբ ընթերցում եմ բյուջեի եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ռիսկերի հատվածը, կարդացե՛ք, թե ինչ է գրում ֆինանսների նախարարությունը, ամեն անգամ ռիսկերի բաժնում հատկանշում է տնտեսական կառուցվածքի պրոբլեմների, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրների, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի հետ կապված գերագնահատումների մասին։ Դրա համար Ֆինանսների նախարարությունն իր տեսանկյունից ճիշտ է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6a59a9ed16b599c8d64f2629b9b81b4d